Friday, August 21, 2009
Սլաք Հինգերորդ
...Աշխարհակործան կռիւ-պատերազմ,
Ազգը ազգի դէմ,
«Մարդը մարդուն՝ գայլ»,
Իմ զաւակները
Կրկին մտած ռազմ,
Արձակեցին նոր խիզախումի փայլ:
Չնայած երկիրս
Բռնւած էր խիստ
Կարմիր հրէշի
Ճանկերում երկաթ,
Ու բռնատէրը
Տւել էր անսիրտ
Թուրքին՝ ձիգ հողեր ու լեռն Արարատ,
Սակայն իմ մի բուռ հողը պիտ փրկւէր՝
Չվերանայինք այրւող քարտէզից,
Մինչեւ փրկութեան
Այգաբացը գար,
Ծիրանի փողը
Հնչեցւէր նորից...
Բռնատիրութեան առաջին օրից
Կռներն վեր ցցեց
Ցեղն իմ յանդուգն,
Եւ Փետրւարեան
Կայծի որոտից
Կոթողւեց կրկին
Դրօշն Եռագոյն:
Եռագոյն, իմ սիրտ, իմ կերպար, իմ շունչ,
Գաղափարի սիւն,
Կրծքի ծաղկեփունջ,
Դու՝ մտքի արծիւ,
Ոգու խիզախում,
Եռագոյն՝
Արեան իմ ալեբախում...
Քանի՜- քանի՜ շահ
Դարեր ջանացին,
Որ դու չլինես,
Քանի՜- քանի՜ ջահ
Վառեցինք, որ քո
Դեղձանը գոյնես,
Քանի խան-սուլթան
Մթագնեցին քո
Երկինքը մաքուր,
Քանի՜ ցար-օսման
Ճմլեցին սիրտդ իբրեւ
Կաթող նուռ...
Մինչ փողփողալդ
Քանի՞ Վան, Ուրֆա ու Գարահիսար,
Մինչեւ շողալդ
Քանի՝ Մուսա Լեռ ու Սարդարապատ,
Մինչ փոթորկւելդ՝
Բաշ-ապարան ու Ղարաքիլիսա,
Մինչ կոթողւելդ՝
Քանի՞ կալանում,
աքսոր, բերդ ու բանտ...:
Հէ՜յ, դու դարերի լուսէ աւետիս,
Հէ՜յ, դու դիւցազուն
Վրէժ-Նեմեսիս:
* * *
«Նեմեսիս»՝ Միսաք, Արշաւիր, Արամ,
Թեհլիրեան, Շահան,
Ստեփան Ծաղիկեան...
Դուք խաւարներում արնալոյս ոգի,
Եւ ընկաւ
«Սադանաքիա»-ն
անկենդան:
..................................
..................................
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment