Friday, August 21, 2009
Սլաք Վեցերորդ
... Խռնւում են դեռ
Մտքիս յանդիման
Ֆիդայիները մեր ծուռ ու տիտան
«Բաբէ-Ալի»-ից
Մինչեւ «Գումգափու»
Եւ Խանասորից
Մինչ «Բանկ Օտտոման»:
Հէ՜յ Սասուն, Սասուն,
աշխարհ դիւցազուն,
Հէ՜յ Զէյթուն, Զէյթուն,
այդ ո'ր կռւանով
Պարզեցիր բոցիկ՝
վէս ապստամբութեան
Օսման Աղւէսի
Ֆեսի յանդիման:
...Դրօշդ առիր թերեւս Դաւթից,
Մաշկւած Թաթուլից կամ Սպարապետից,
Առնականութիւն՝
Աշոտ Երկաթից,
Ուժ՝ Բագրատունի
վսեմ Սմբատից:
Եւ այսպէս գնդերն
Դառնում են տեսիլ,
Տեսիլները՝ զօրք, ջոկատ եւ շտաբ,
Պաշտպանում են քեզ վայնասունից զիլ,
Երբ արշաւում են սելջուկ եւ արաբ,
Մոնղոլ ու մամլուք,
Հոռոմ եւ քուշան,
Նենգ բիւզանդացի,
Մոխիր-ատրուշան,
Բայց եւ՝ մի Մուշեղ,
Գէորգ, Գայլ Վահան,
Որ փրկում են քեզ
...Կլափից Սեւ շան...
(Թո'ղ որ՝ մէկ-երկու Վասակ, Մերուժան,
Նրանք կրկէսի կապիկ են էժան):
Եւ աչքերիս դէմ՝
պատմութեան շղթան
Զնգում, ձգւում է
Մինչ Կարմիր Վարդան,
Փակւում է ոտքին
առնականութեան,
Եւ կռնատւում է Արտաւազդ արքան:
Ապա՝ Արտաշէս,
Վարազդատ, Տիգրան,
Արգիշտի, Պարոյր,
Մենուա, Երւանդ,
(Մղձաւանջումս՝
Տորք, Արա, Վահագն...
Բոցե՜ր, բոցերից՝ հրդեհ եւ հուր... անդ...)
Յար անդ...
Հասել եմ այգը պատմութեան,
այգը պատմութեան
Եւ չեմ գնալու կրկին պարտութեան...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment