Friday, August 21, 2009
Սլաք Եօթերորդ
...Դէմից գալիս է
Մի գէշ ուրւական,
Մօրուսն մանր հիւսած՝
Ասորի արքան,
Մշուշից ելնում իբր հսկայ բայղուշ,
Ինքնակամ, գոռոզ եւ ամբարտաւան.
Ցուլի պէս ցցւում,
Ցնցւում կճղակին,
Մի պահ շողում է օղը թաց ռունգին,
Կամենում է մեզ
Գերութեան տանել,
Կայծակում եմ ես՝
- Անէացի'ր, Բէ'լ.
Հանում է նա իր
Թուրը կարճ ու հաստ,
Ես իմ աղեղը լարում եմ՝ պատրաստ,
Բռնում է կոպալ,
Ես՝ նետ եռաթեւ,
Օդում կախւում է
Զարկ մի՝ յարատե՜ւ...
... Ճռճռոց, սուլոց, շաչիւն ու շառաչ...
(2490՝ Յիսուսից առաջ)
.........................................
.........................................
...Ճամբայ եմ ընկնում
Իմ ուղով նորից
Ու գտնում եմ ինձ
քաոսում այս չար,
Ես, որ գալիս եմ Փոքր Մհերից՝
Չեմ առնի վրաս
Սեւ տապանաքար.
Ես՝ դեւի աչքին սեւ ու սէգ սարդար,
Շէկ հողմի բաշին՝ կարմիր զօրավար.
Ինձ հետ կը բերեմ ժամանակ, անցեալ,
Ինձ հետ կը բերեմ
Ե'ւ սիրտ, ե'ւ հոցի,
Կը բերեմ ինձ հետ
Միտք ճառագայթեալ
Եւ պողովատեայ զրահներ կամքի.
Ինձ հետ կը բերեմ
Ճարտար խօսք, լեզու,
Այբուբեն հարուստ՝
շնորհ ի վերուստ,
Նաեւ սիրելու զեփիւռներ նազուն,
Որով արցունքս
Կը հոսի ներքուստ:
Սրտիս զով լճից
Կը թեւեն երգեր՝
կապոյտ թիթեռներ՝
Կոշմարիս վրայ,
Մատներս կը փորեն
Ժայռը, որ հոսի
Երկրիս արիւնը՝ հանճարիս վրայ.
Չեմ դառնայ երբեք հողին դաւաճան,
Չեմ դառնայ օտար ափերին գերի,
Չեմ գտնի օտար ափերում վախճան,
Այլ աւիշ ու նիւթ՝
Կենաց իմ ծառին.
Կեանքն իմ կը տամ կեանքերի հաշւին,
Պարկեշտ կը լինեմ,
Սակայն ոչ նւազ,
Նաեւ կը քերթեմ թշնամու կաշին՝
Փորձի երազս դարձնել փուչ-աւազ...
Ես ասք եմ, ազգ եմ,
Մասունք եմ, մուրազ,
Ես կամք եմ, ջանք եմ,
Մասիս եմ, Արազ.
Հայոց լեռներում
Արծիւ սրատես,
Ես Հայկն եմ դիւցա՜զն...
26-29.6.09 Թեհրան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment