Friday, August 21, 2009

Սլաք Երկրորդ



Քար դնեմ քարին,
Կառուցեմ երկիր,
Երկիրն իմ հազար գազան է կերել,
Դար դնեմ դարին,
Բարձրանամ երկինք,
Ուր Լուսաւորչի կանթեղն եմ վառել
Ու յիշեմ՝ ինձ հետ
Եղել է Բաբէլ,
Եղել է Շումեր, եղել Եգիպտոս,
Եղել Փրուգիա,
Լիդիա, Ասորիք,
Քաղդէ ու Աքքադ,
Իսկ հիմի՝ «ափսո՜ս...»:
Ես պայքարել եմ
Կամքով բարբարոս,
Յարատեւել եմ
Մոլեգնմամբ սաստիկ,
Վերածնւել եմ վարդի պէս անխօս,
Թերթերիս մէջ՝ խոր խորհուրդներ,
Գաղտնիք.
Իմ բարձրացումի ճամբին
Սուր փշով
Խոցել եմ ճանկն այն՝
Փորձել է պոկել,
Սակայն արցունքիս
Կաթիլը կարմիր
Դարձել է գինի
Գաւաթում ընկեր.
Ես մերթ դժոխքի վիհերն եմ ընկել,
Մերթ սաւառնել եմ փառքի պսակին,
Մերթ յաղթանակիս
կտաւն եմ ներկել,
Մերթ կրել խաչը սեւ տառապանքիս...

Մերթ խնդացել եմ,
Յաճախ ողբացել,
Մերթ խստացել եմ,
Մերթ հալչել՝ բացւել,
Յաճախ կղպւել եմ, դարձել եմ գերի,
Բայց եւ հասել եմ
շեմն այս նոր դարի,
Երրորդ հազարի,
Երրորդ հազարի՜...

Ու վերադարձիս
Ճամբին ես հիմի,
Մէկ աչքս դէպի գալիքը անյայտ,
Միւս աչքովս
Դէտն եմ այն կէտի,
Որից սկսւել է
Ճանապարհս բարդ.
Ուսիս՝ ծիրանի,
Գանգիս սաղաւարտ,
Փնտրում եմ Արմատ,
Կրկնում եմ «Յար անդ»,
Կրկնում՝ հուր...յար... անդ...
տեսնում եմ՝ «Հուր-անդ»,
Բեւեռւում երկինք,
Դղրդում է՝ «Դինք»...

...Ալեկոծւում է բազմութիւնն ահեղ
Բիւզանդ... քաղաքի,
Մայթը խեղդւում է
Մէկ ու կէս միլիոն պսակների տակ
Արնաթոյր ծաղկի,
Դրօշ է դառնում կերպարը Դինքի,
Ոգի սխրանքի,
Եւ ա'լամն այդ
Դառնալով նիզակ,
Մխրճւում կողը Թուրան ջադուկի.
Ալեկոծւում է բազմութիւնն անհուն,
Ասես մորթում են
Սեւ մի վհուկի,
Որ իր վզին է կրում յուռութքը
Մութ ուրացումի
Մեր արեան մեղքի.
«Մէկ ու կէս միլիոն թւին յաւելէք
Նաեւ այս մէկին,
Նաեւ այս մէկին,
Որ մենք ազատւենք,
Է'լ ձերբազատւենք
Կարմիր նզովքից
Այս նոխազ ազգի...»:

Ալեկոծւում է քաղաքը Բիւզանդ...
Ասես ճաքել է
Երդը երկնքի,
Աղաղակում է սոյլն անհնազանդ.
«Մենք էլ արմէն ենք,
Մենք էլ հայ ենք մի»:

(...Վարդեր, օ, վարդեր, վարդեր հեթանոս,
Այստեղ է երկնել
Վարուժանը բոց,
Այստեղ խիզախել խօլ Սիամանթօն,
Ռուբէն Սեւակը առել մահւան խոց,
Այստեղ խենթացաւ
Կոմիտասն անմեղ,
Զոհրապի ճակատն
Ճեղքեցին այստեղ,
Այստեղ այրեցին բժիշկ, փաստաբան,
Այստեղ ջարդեցին գանկ ազնւական,
Չերգեցին նրանց պատարագ,
Սաղմոս,
Այլ վրան խուչկեց հաստաբեստ, սեւ օձ...):

...Օ, վարդեր, վարդեր,
Վարդեր սրտամօտ,
Ծաղկունք սրտակից
ու արցունքահոտ.
«Մեզ էլ ընդունէք
Ձեր սրտերին մօտ,
Դաստակից մեր թող չգայ արեան հոտ»...

No comments:

Post a Comment