Friday, August 21, 2009






ՀԱՅԿ ԴԻՒՑԱԶՆ

գրեց՝ ՎԱՐԱՆԴ
2009







Հայոց հին ամանորի՝ Նաւասարդի առիթով
(օգոստոսի 11)
Հայկ Դիւցազն
(Ասք՝ արիական եւ առնական)
ՊՈԷՄ
ՎԱՐԱՆԴ






Ձօն՝

Հայաստանի անկախութեան
4500-ամեակին



The Epical Hayk
By
Varand
2009

Սլաք Առաջին



(Նախերգանք)
...Վերադառնում եմ
Սկիզբս նորից
Ու փնտրում եմ ինձ
Քաոսում այս չար.
Ես, որ գալիս եմ՝ Տապանից՝ Նոյից,
Չեմ առել վրաս դեռ տապանաքար,
Դեռ չեմ վերացել
Ճանապարհին գիժ,
Ահեղ դարերի թաւալման մէջ բիրտ,
Վզիս երակներն ուռչել են յաճախ,
Բայց չեն կտրւել սուսերներից խիստ.
Փշրել եմ հազա՜ր ապառաժ ու քար,
Ճանապարհ բացել լեռներում կոպիտ,
Լեռներս իրենք դարձել են տապար
Եւ գլխատել են
Թշնամուն անսիրտ.
Ինձ հետ բերել եմ ժամանակ, անցեալ,
Ինձ հետ բերել եմ
Ե'ւ սիրտ, ե'ւ հոգի,
Բերել եմ ինձ հետ
Միտք ճառագայթեալ
Եւ պողովատեայ զրահներ կամքի.
Ինձ հետ բերել եմ
Ճարտար խօսք, լեզու,
Այբուբեն հարուստ՝
Շնորհ ի վերուստ,
Նաեւ սիրելու զեփիւռներ նազուն,
Որով արցունքս
Հոսել է ներքուստ.
Սրտիս զով լճից թեւել են երգեր՝
Թիթեռներ կապոյտ՝
Կոշմարիս վրայ,
Մատներս փորել են
Ժայռը, որ ժայթքի
Երկրիս կրակը լամպարիս վրայ՝
Հանճարիս վրայ.
Շողն այդ չտանի
Ոչ մի խորթ ճամբայ,
Հուր-ձեռք ու ողով
Արմատւեմ քարին,
Չդառնամ երբեք
Հողին դաւաճան,
Չդառնամ օտար ափերին գերի,
Չգտնեմ օտար ափերում վախճան,
Այլ աւիշ ու նիւթ՝
Հիւթեղ իմ ծառին,
Կեանքս նւիրեմ
կեանքերի հաշւին,
Կամքս թուլանայ...բարեգործելիս,
Բայց նաեւ քերե'մ
Թշնամու կաշին՝
Արեանս գինը
Քաշով փորձելիս...
............................................
............................................
.............................................
............................................


Սլաք Երկրորդ



Քար դնեմ քարին,
Կառուցեմ երկիր,
Երկիրն իմ հազար գազան է կերել,
Դար դնեմ դարին,
Բարձրանամ երկինք,
Ուր Լուսաւորչի կանթեղն եմ վառել
Ու յիշեմ՝ ինձ հետ
Եղել է Բաբէլ,
Եղել է Շումեր, եղել Եգիպտոս,
Եղել Փրուգիա,
Լիդիա, Ասորիք,
Քաղդէ ու Աքքադ,
Իսկ հիմի՝ «ափսո՜ս...»:
Ես պայքարել եմ
Կամքով բարբարոս,
Յարատեւել եմ
Մոլեգնմամբ սաստիկ,
Վերածնւել եմ վարդի պէս անխօս,
Թերթերիս մէջ՝ խոր խորհուրդներ,
Գաղտնիք.
Իմ բարձրացումի ճամբին
Սուր փշով
Խոցել եմ ճանկն այն՝
Փորձել է պոկել,
Սակայն արցունքիս
Կաթիլը կարմիր
Դարձել է գինի
Գաւաթում ընկեր.
Ես մերթ դժոխքի վիհերն եմ ընկել,
Մերթ սաւառնել եմ փառքի պսակին,
Մերթ յաղթանակիս
կտաւն եմ ներկել,
Մերթ կրել խաչը սեւ տառապանքիս...

Մերթ խնդացել եմ,
Յաճախ ողբացել,
Մերթ խստացել եմ,
Մերթ հալչել՝ բացւել,
Յաճախ կղպւել եմ, դարձել եմ գերի,
Բայց եւ հասել եմ
շեմն այս նոր դարի,
Երրորդ հազարի,
Երրորդ հազարի՜...

Ու վերադարձիս
Ճամբին ես հիմի,
Մէկ աչքս դէպի գալիքը անյայտ,
Միւս աչքովս
Դէտն եմ այն կէտի,
Որից սկսւել է
Ճանապարհս բարդ.
Ուսիս՝ ծիրանի,
Գանգիս սաղաւարտ,
Փնտրում եմ Արմատ,
Կրկնում եմ «Յար անդ»,
Կրկնում՝ հուր...յար... անդ...
տեսնում եմ՝ «Հուր-անդ»,
Բեւեռւում երկինք,
Դղրդում է՝ «Դինք»...

...Ալեկոծւում է բազմութիւնն ահեղ
Բիւզանդ... քաղաքի,
Մայթը խեղդւում է
Մէկ ու կէս միլիոն պսակների տակ
Արնաթոյր ծաղկի,
Դրօշ է դառնում կերպարը Դինքի,
Ոգի սխրանքի,
Եւ ա'լամն այդ
Դառնալով նիզակ,
Մխրճւում կողը Թուրան ջադուկի.
Ալեկոծւում է բազմութիւնն անհուն,
Ասես մորթում են
Սեւ մի վհուկի,
Որ իր վզին է կրում յուռութքը
Մութ ուրացումի
Մեր արեան մեղքի.
«Մէկ ու կէս միլիոն թւին յաւելէք
Նաեւ այս մէկին,
Նաեւ այս մէկին,
Որ մենք ազատւենք,
Է'լ ձերբազատւենք
Կարմիր նզովքից
Այս նոխազ ազգի...»:

Ալեկոծւում է քաղաքը Բիւզանդ...
Ասես ճաքել է
Երդը երկնքի,
Աղաղակում է սոյլն անհնազանդ.
«Մենք էլ արմէն ենք,
Մենք էլ հայ ենք մի»:

(...Վարդեր, օ, վարդեր, վարդեր հեթանոս,
Այստեղ է երկնել
Վարուժանը բոց,
Այստեղ խիզախել խօլ Սիամանթօն,
Ռուբէն Սեւակը առել մահւան խոց,
Այստեղ խենթացաւ
Կոմիտասն անմեղ,
Զոհրապի ճակատն
Ճեղքեցին այստեղ,
Այստեղ այրեցին բժիշկ, փաստաբան,
Այստեղ ջարդեցին գանկ ազնւական,
Չերգեցին նրանց պատարագ,
Սաղմոս,
Այլ վրան խուչկեց հաստաբեստ, սեւ օձ...):

...Օ, վարդեր, վարդեր,
Վարդեր սրտամօտ,
Ծաղկունք սրտակից
ու արցունքահոտ.
«Մեզ էլ ընդունէք
Ձեր սրտերին մօտ,
Դաստակից մեր թող չգայ արեան հոտ»...

Սլաք Երրորդ



...Սակայն քիչ անդին՝
Արցախում արնոտ,
Ամէն առաւօտ սպասւում նոր բօթ,
Ամէն գիշեր պիտ լինել խիստ
պատրաստ,
Որ վրայ չտայ
Գէլի բրդոտ թաթ:

Օ, զաւակներ իմ,
Օ, եղբայրներ իմ ազնիւ ու անպարտ,
Ինչպէ'ս մաքրեցիք Ղարաբաղն իմ
Հրէշից հպարտ,
Հպարտ չէ՝ լկտի գազանից գոռոզ,
Որ ժանիքւում էր՝ իբրեւ վայրի խոզ:

Ո՜վ իմ որդիներ՝
Համեստ ու հերոս,
Որ ձեր սարերի զովերում զմրուխտ
Արիւն-կրակով
Կնքեցիք սուրբ ուխտ՝
Սրբել դեւերից լեռնաշխարհդ կոյս,
Երկնքից կախել
Վճիտ արշալոյս...

Ո՜վ «Կարօտ», «Պետօ»,
«Բեկոր», խեւ «Դուշման»...
Երկնային լոյսերն ձեզ զով օթեւան,
Գորշ գէլի լեղին՝ սահմանից հեռո'ւ,
Պէտք լինի՝ հողից կելնէք՝
Գոռ ուրու:
...............................................
...............................................

Սլաք Չորրորդ



Իմ երթի ճամբին,
Արցախից առաջ,
Լսում եմ դղիրդ՝ զէնքերի շառաչ,
Դա տղաներն են
Իմ արդարադատ,
Որ զգետնում են թշնամուն նւաստ.
Է'յ ջան, որդիներ,
Հերոսներ հպարտ,
Որ աշխարհի
խորթ խաչմերուկներում
Լսելի դարձրիք
Ձայնը մեր արեան,
Զի փորձում էին
Հեռւից կէս դարի
Խեղդամահ անել
Դիպլոմատակա՜ն
Տիղմի մէջ՝ ցեխի՝
Կանչն իմ ցեղի:
Եւ Լիսաբոնից
Մինչ Կալիֆորնիա,
Նիդերլանդներից մինչեւ Վիեննա,
Մադրիդից Բելգրադ,
Ժընեւից Փարիզ,
Մեր Դատի կիզող անապատի մէջ՝
Կապոյտ ովազիս:

Փա՜ռք ձեզ, տղաներ,
Որդիներ ազիզ...

Սլաք Հինգերորդ



...Աշխարհակործան կռիւ-պատերազմ,
Ազգը ազգի դէմ,
«Մարդը մարդուն՝ գայլ»,
Իմ զաւակները
Կրկին մտած ռազմ,
Արձակեցին նոր խիզախումի փայլ:
Չնայած երկիրս
Բռնւած էր խիստ
Կարմիր հրէշի
Ճանկերում երկաթ,
Ու բռնատէրը
Տւել էր անսիրտ
Թուրքին՝ ձիգ հողեր ու լեռն Արարատ,
Սակայն իմ մի բուռ հողը պիտ փրկւէր՝
Չվերանայինք այրւող քարտէզից,
Մինչեւ փրկութեան
Այգաբացը գար,
Ծիրանի փողը
Հնչեցւէր նորից...

Բռնատիրութեան առաջին օրից
Կռներն վեր ցցեց
Ցեղն իմ յանդուգն,
Եւ Փետրւարեան
Կայծի որոտից
Կոթողւեց կրկին
Դրօշն Եռագոյն:

Եռագոյն, իմ սիրտ, իմ կերպար, իմ շունչ,
Գաղափարի սիւն,
Կրծքի ծաղկեփունջ,
Դու՝ մտքի արծիւ,
Ոգու խիզախում,
Եռագոյն՝
Արեան իմ ալեբախում...

Քանի՜- քանի՜ շահ
Դարեր ջանացին,
Որ դու չլինես,
Քանի՜- քանի՜ ջահ
Վառեցինք, որ քո
Դեղձանը գոյնես,
Քանի խան-սուլթան
Մթագնեցին քո
Երկինքը մաքուր,
Քանի՜ ցար-օսման
Ճմլեցին սիրտդ իբրեւ
Կաթող նուռ...

Մինչ փողփողալդ
Քանի՞ Վան, Ուրֆա ու Գարահիսար,
Մինչեւ շողալդ
Քանի՝ Մուսա Լեռ ու Սարդարապատ,
Մինչ փոթորկւելդ՝
Բաշ-ապարան ու Ղարաքիլիսա,
Մինչ կոթողւելդ՝
Քանի՞ կալանում,
աքսոր, բերդ ու բանտ...:

Հէ՜յ, դու դարերի լուսէ աւետիս,
Հէ՜յ, դու դիւցազուն
Վրէժ-Նեմեսիս:

* * *

«Նեմեսիս»՝ Միսաք, Արշաւիր, Արամ,
Թեհլիրեան, Շահան,
Ստեփան Ծաղիկեան...
Դուք խաւարներում արնալոյս ոգի,
Եւ ընկաւ
«Սադանաքիա»-ն
անկենդան:
..................................
..................................

Սլաք Վեցերորդ



... Խռնւում են դեռ
Մտքիս յանդիման
Ֆիդայիները մեր ծուռ ու տիտան
«Բաբէ-Ալի»-ից
Մինչեւ «Գումգափու»
Եւ Խանասորից
Մինչ «Բանկ Օտտոման»:

Հէ՜յ Սասուն, Սասուն,
աշխարհ դիւցազուն,
Հէ՜յ Զէյթուն, Զէյթուն,
այդ ո'ր կռւանով
Պարզեցիր բոցիկ՝
վէս ապստամբութեան
Օսման Աղւէսի
Ֆեսի յանդիման:

...Դրօշդ առիր թերեւս Դաւթից,
Մաշկւած Թաթուլից կամ Սպարապետից,
Առնականութիւն՝
Աշոտ Երկաթից,
Ուժ՝ Բագրատունի
վսեմ Սմբատից:

Եւ այսպէս գնդերն
Դառնում են տեսիլ,
Տեսիլները՝ զօրք, ջոկատ եւ շտաբ,
Պաշտպանում են քեզ վայնասունից զիլ,
Երբ արշաւում են սելջուկ եւ արաբ,
Մոնղոլ ու մամլուք,
Հոռոմ եւ քուշան,
Նենգ բիւզանդացի,
Մոխիր-ատրուշան,
Բայց եւ՝ մի Մուշեղ,
Գէորգ, Գայլ Վահան,
Որ փրկում են քեզ
...Կլափից Սեւ շան...

(Թո'ղ որ՝ մէկ-երկու Վասակ, Մերուժան,
Նրանք կրկէսի կապիկ են էժան):

Եւ աչքերիս դէմ՝
պատմութեան շղթան
Զնգում, ձգւում է
Մինչ Կարմիր Վարդան,
Փակւում է ոտքին
առնականութեան,
Եւ կռնատւում է Արտաւազդ արքան:

Ապա՝ Արտաշէս,
Վարազդատ, Տիգրան,
Արգիշտի, Պարոյր,
Մենուա, Երւանդ,
(Մղձաւանջումս՝
Տորք, Արա, Վահագն...
Բոցե՜ր, բոցերից՝ հրդեհ եւ հուր... անդ...)
Յար անդ...
Հասել եմ այգը պատմութեան,
այգը պատմութեան
Եւ չեմ գնալու կրկին պարտութեան...

Սլաք Եօթերորդ



...Դէմից գալիս է
Մի գէշ ուրւական,
Մօրուսն մանր հիւսած՝
Ասորի արքան,
Մշուշից ելնում իբր հսկայ բայղուշ,
Ինքնակամ, գոռոզ եւ ամբարտաւան.
Ցուլի պէս ցցւում,
Ցնցւում կճղակին,
Մի պահ շողում է օղը թաց ռունգին,
Կամենում է մեզ
Գերութեան տանել,
Կայծակում եմ ես՝
- Անէացի'ր, Բէ'լ.
Հանում է նա իր
Թուրը կարճ ու հաստ,
Ես իմ աղեղը լարում եմ՝ պատրաստ,
Բռնում է կոպալ,
Ես՝ նետ եռաթեւ,
Օդում կախւում է
Զարկ մի՝ յարատե՜ւ...

... Ճռճռոց, սուլոց, շաչիւն ու շառաչ...

(2490՝ Յիսուսից առաջ)
.........................................
.........................................

...Ճամբայ եմ ընկնում
Իմ ուղով նորից
Ու գտնում եմ ինձ
քաոսում այս չար,
Ես, որ գալիս եմ Փոքր Մհերից՝
Չեմ առնի վրաս
Սեւ տապանաքար.
Ես՝ դեւի աչքին սեւ ու սէգ սարդար,
Շէկ հողմի բաշին՝ կարմիր զօրավար.
Ինձ հետ կը բերեմ ժամանակ, անցեալ,
Ինձ հետ կը բերեմ
Ե'ւ սիրտ, ե'ւ հոցի,
Կը բերեմ ինձ հետ
Միտք ճառագայթեալ
Եւ պողովատեայ զրահներ կամքի.
Ինձ հետ կը բերեմ
Ճարտար խօսք, լեզու,
Այբուբեն հարուստ՝
շնորհ ի վերուստ,
Նաեւ սիրելու զեփիւռներ նազուն,
Որով արցունքս
Կը հոսի ներքուստ:
Սրտիս զով լճից
Կը թեւեն երգեր՝
կապոյտ թիթեռներ՝
Կոշմարիս վրայ,
Մատներս կը փորեն
Ժայռը, որ հոսի
Երկրիս արիւնը՝ հանճարիս վրայ.
Չեմ դառնայ երբեք հողին դաւաճան,
Չեմ դառնայ օտար ափերին գերի,
Չեմ գտնի օտար ափերում վախճան,
Այլ աւիշ ու նիւթ՝
Կենաց իմ ծառին.
Կեանքն իմ կը տամ կեանքերի հաշւին,
Պարկեշտ կը լինեմ,
Սակայն ոչ նւազ,
Նաեւ կը քերթեմ թշնամու կաշին՝
Փորձի երազս դարձնել փուչ-աւազ...

Ես ասք եմ, ազգ եմ,
Մասունք եմ, մուրազ,
Ես կամք եմ, ջանք եմ,
Մասիս եմ, Արազ.
Հայոց լեռներում
Արծիւ սրատես,
Ես Հայկն եմ դիւցա՜զն...

26-29.6.09 Թեհրան