Showing posts with label Սլաք. Show all posts
Showing posts with label Սլաք. Show all posts

Friday, August 21, 2009

Սլաք Առաջին



(Նախերգանք)
...Վերադառնում եմ
Սկիզբս նորից
Ու փնտրում եմ ինձ
Քաոսում այս չար.
Ես, որ գալիս եմ՝ Տապանից՝ Նոյից,
Չեմ առել վրաս դեռ տապանաքար,
Դեռ չեմ վերացել
Ճանապարհին գիժ,
Ահեղ դարերի թաւալման մէջ բիրտ,
Վզիս երակներն ուռչել են յաճախ,
Բայց չեն կտրւել սուսերներից խիստ.
Փշրել եմ հազա՜ր ապառաժ ու քար,
Ճանապարհ բացել լեռներում կոպիտ,
Լեռներս իրենք դարձել են տապար
Եւ գլխատել են
Թշնամուն անսիրտ.
Ինձ հետ բերել եմ ժամանակ, անցեալ,
Ինձ հետ բերել եմ
Ե'ւ սիրտ, ե'ւ հոգի,
Բերել եմ ինձ հետ
Միտք ճառագայթեալ
Եւ պողովատեայ զրահներ կամքի.
Ինձ հետ բերել եմ
Ճարտար խօսք, լեզու,
Այբուբեն հարուստ՝
Շնորհ ի վերուստ,
Նաեւ սիրելու զեփիւռներ նազուն,
Որով արցունքս
Հոսել է ներքուստ.
Սրտիս զով լճից թեւել են երգեր՝
Թիթեռներ կապոյտ՝
Կոշմարիս վրայ,
Մատներս փորել են
Ժայռը, որ ժայթքի
Երկրիս կրակը լամպարիս վրայ՝
Հանճարիս վրայ.
Շողն այդ չտանի
Ոչ մի խորթ ճամբայ,
Հուր-ձեռք ու ողով
Արմատւեմ քարին,
Չդառնամ երբեք
Հողին դաւաճան,
Չդառնամ օտար ափերին գերի,
Չգտնեմ օտար ափերում վախճան,
Այլ աւիշ ու նիւթ՝
Հիւթեղ իմ ծառին,
Կեանքս նւիրեմ
կեանքերի հաշւին,
Կամքս թուլանայ...բարեգործելիս,
Բայց նաեւ քերե'մ
Թշնամու կաշին՝
Արեանս գինը
Քաշով փորձելիս...
............................................
............................................
.............................................
............................................


Սլաք Վեցերորդ



... Խռնւում են դեռ
Մտքիս յանդիման
Ֆիդայիները մեր ծուռ ու տիտան
«Բաբէ-Ալի»-ից
Մինչեւ «Գումգափու»
Եւ Խանասորից
Մինչ «Բանկ Օտտոման»:

Հէ՜յ Սասուն, Սասուն,
աշխարհ դիւցազուն,
Հէ՜յ Զէյթուն, Զէյթուն,
այդ ո'ր կռւանով
Պարզեցիր բոցիկ՝
վէս ապստամբութեան
Օսման Աղւէսի
Ֆեսի յանդիման:

...Դրօշդ առիր թերեւս Դաւթից,
Մաշկւած Թաթուլից կամ Սպարապետից,
Առնականութիւն՝
Աշոտ Երկաթից,
Ուժ՝ Բագրատունի
վսեմ Սմբատից:

Եւ այսպէս գնդերն
Դառնում են տեսիլ,
Տեսիլները՝ զօրք, ջոկատ եւ շտաբ,
Պաշտպանում են քեզ վայնասունից զիլ,
Երբ արշաւում են սելջուկ եւ արաբ,
Մոնղոլ ու մամլուք,
Հոռոմ եւ քուշան,
Նենգ բիւզանդացի,
Մոխիր-ատրուշան,
Բայց եւ՝ մի Մուշեղ,
Գէորգ, Գայլ Վահան,
Որ փրկում են քեզ
...Կլափից Սեւ շան...

(Թո'ղ որ՝ մէկ-երկու Վասակ, Մերուժան,
Նրանք կրկէսի կապիկ են էժան):

Եւ աչքերիս դէմ՝
պատմութեան շղթան
Զնգում, ձգւում է
Մինչ Կարմիր Վարդան,
Փակւում է ոտքին
առնականութեան,
Եւ կռնատւում է Արտաւազդ արքան:

Ապա՝ Արտաշէս,
Վարազդատ, Տիգրան,
Արգիշտի, Պարոյր,
Մենուա, Երւանդ,
(Մղձաւանջումս՝
Տորք, Արա, Վահագն...
Բոցե՜ր, բոցերից՝ հրդեհ եւ հուր... անդ...)
Յար անդ...
Հասել եմ այգը պատմութեան,
այգը պատմութեան
Եւ չեմ գնալու կրկին պարտութեան...

Սլաք Եօթերորդ



...Դէմից գալիս է
Մի գէշ ուրւական,
Մօրուսն մանր հիւսած՝
Ասորի արքան,
Մշուշից ելնում իբր հսկայ բայղուշ,
Ինքնակամ, գոռոզ եւ ամբարտաւան.
Ցուլի պէս ցցւում,
Ցնցւում կճղակին,
Մի պահ շողում է օղը թաց ռունգին,
Կամենում է մեզ
Գերութեան տանել,
Կայծակում եմ ես՝
- Անէացի'ր, Բէ'լ.
Հանում է նա իր
Թուրը կարճ ու հաստ,
Ես իմ աղեղը լարում եմ՝ պատրաստ,
Բռնում է կոպալ,
Ես՝ նետ եռաթեւ,
Օդում կախւում է
Զարկ մի՝ յարատե՜ւ...

... Ճռճռոց, սուլոց, շաչիւն ու շառաչ...

(2490՝ Յիսուսից առաջ)
.........................................
.........................................

...Ճամբայ եմ ընկնում
Իմ ուղով նորից
Ու գտնում եմ ինձ
քաոսում այս չար,
Ես, որ գալիս եմ Փոքր Մհերից՝
Չեմ առնի վրաս
Սեւ տապանաքար.
Ես՝ դեւի աչքին սեւ ու սէգ սարդար,
Շէկ հողմի բաշին՝ կարմիր զօրավար.
Ինձ հետ կը բերեմ ժամանակ, անցեալ,
Ինձ հետ կը բերեմ
Ե'ւ սիրտ, ե'ւ հոցի,
Կը բերեմ ինձ հետ
Միտք ճառագայթեալ
Եւ պողովատեայ զրահներ կամքի.
Ինձ հետ կը բերեմ
Ճարտար խօսք, լեզու,
Այբուբեն հարուստ՝
շնորհ ի վերուստ,
Նաեւ սիրելու զեփիւռներ նազուն,
Որով արցունքս
Կը հոսի ներքուստ:
Սրտիս զով լճից
Կը թեւեն երգեր՝
կապոյտ թիթեռներ՝
Կոշմարիս վրայ,
Մատներս կը փորեն
Ժայռը, որ հոսի
Երկրիս արիւնը՝ հանճարիս վրայ.
Չեմ դառնայ երբեք հողին դաւաճան,
Չեմ դառնայ օտար ափերին գերի,
Չեմ գտնի օտար ափերում վախճան,
Այլ աւիշ ու նիւթ՝
Կենաց իմ ծառին.
Կեանքն իմ կը տամ կեանքերի հաշւին,
Պարկեշտ կը լինեմ,
Սակայն ոչ նւազ,
Նաեւ կը քերթեմ թշնամու կաշին՝
Փորձի երազս դարձնել փուչ-աւազ...

Ես ասք եմ, ազգ եմ,
Մասունք եմ, մուրազ,
Ես կամք եմ, ջանք եմ,
Մասիս եմ, Արազ.
Հայոց լեռներում
Արծիւ սրատես,
Ես Հայկն եմ դիւցա՜զն...

26-29.6.09 Թեհրան